Jump to content

Գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրականություն, հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառ։ Լայն առումով գրականություն են կոչվում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված հասարակական-քաղաքական, գիտական, փիլիսոփայական, հրապարակախոսական, մանկավարժական կամ գործնական բնույթ ունեցող երկերը, նեղ առումով՝ արվեստի հիմնական տեսակներից մեկը՝ գեղարվեստական գրականություն։

Գրականությունը ծագել է գրի, այբուբենի առաջացումից հետո (շատ լեզուներում օգտագործվող «լիտերատուրա» եզրը հենց կապվում է լատիներեն լիտեր-տառ արմատի հետ)։

Գեղարվեստական գրականության առաջին նշանավոր երկերը բանահյուսական ստեղծագործությունների գրառման կամ մշակման արդյունք են։

Գեղարվեստական գրականությունը, ինչպես և արվեստի մյուս տեսակները, իրականության ճանաչման, արտացոլման ձևերից է, որ իրականացվում է գեղարվեստական-պատկերավոր եղանակով։

Ըստ կառուցման արտաքին եղանակի՝ գրական երկերը բաժանվում են երկու մեծ խմբի՝ արձակ և չափածո։ Սկսած հնագույն ժամանակներից՝ ունի երեք մեծ բաժին, որոնք կոչվում են սեռեր՝ էպիկական, քնարական և դրամատիկական։[1]։

Գեղարվեստական գրականությունը հիմք է ծառայում արվեստի տարածական և համադրական տեսակների զարգացման համար[2]։

Գրականության հիմնական տեսակներ

Գրականության տեսակները առանձնացվում են ինչպես ըստ բնագրի բովանդակության, այնպես էլ ըստ դրանց հետապնդած նպատակի, որի պատճառով գրականության դասակարգման ժամանակ դժվար է ամբողջությամբ պահպանել միասնականության սկզբունքը։ Բացի այդ, գրականության այդպիսի դասակարգումը կարող է մոլորության մեջ գցել՝ միավորելով իրարից բոլորովին տարբեր երևույթները։

Հաճախ միևնույն դարաշրջանի տիպաբանորեն տարբեր բնագրերը իրար շատ ավելի մոտ են, քան տարբեր դարաշրջանների ու մշակույթների տիպաբանորեն նույնական բնագրերը. եվրոպական փիլիսոփայական գրականության հիմքում ընկած Պլատոնի «Երկխոսությունները» ավելի շատ ընդհանրություններ ունի հին հունական գրականության այլ ստեղծագործությունների հետ (օրինակ՝ Էսքիլեսի դրամաների), քան Նոր ժամանակների փիլիսոփաների աշխատությունների հետ, ինչպիսիք են Հեգելն ու Ռասելը։

Որոշ բնագրերի ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ստեղծման ժամանակ դրանք պատկանում էին գրականության մի տեսակին, բայց հետագայում շարժվում են դեպի մեկ այլ տեսակը. այսպես օրինակ՝ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո»-ն այսօր ավելի շուտ ընկալվում է որպես մանկական գրականություն, մինչդեռ այն եղել է ոչ միայն մեծահասակների համար գրված գեղարվեստական գրականություն, այլև որպես պամֆլետ հրապարակախոսական էական դերով։

Այդ պատճառով էլ գրականության հիմնական տեսակների ընդհանուր ցանկը ունի մոտավոր-կողմնորոշիչ բնույթ, իսկ գրական տարածքի հստակ կառուցվածքը կարող է սահմանվել միայն տվյալ մշակույթի և տվյալ ժամանակահատվածի շրջանակներում։ Գործնականորեն այդ դժվարությունները չունեն սկզբունքային բնույթ, գրքերի վաճառքի ու գրադարանների գործնական կարիքները բավարարում է գրականության՝ թեև մակերեսային, բայց բավականին ճյուղավորված գրադարանային-մատենագիտական դասակարգումը։

Գեղարվեստական գրականություն

Գեղարվեստական գրականությունը արվեստի տեսակ է, որի միակ սկզբնանյութը բառերն ու բնական (գրավոր) լեզվի կառույցներն են։ Գեղարվեստական գրականության առանձնահատկությունները բացահայտում են համեմատելով այն մի կողմից արվեստի այն տեսակների հետ, որոնք չեն օգտագործում խոսքային-լեզվական նյութ (երաժշտություն, կերպարվեստ) կամ օգտագործում են այլ միջոցների հետ զուգահեռ (թատրոն, կինո, երգ), մյուս կողմից՝ լեզվական տեքստի այլ տեսակների հետ՝ փիլիսոփայական, հրապարակախոսական, գիտական և այլն։ Բացի դրանից, գեղարվեստական գրականությունը, ինչպես արվեստի մյուս տեսակները, միավորում է հեղինակային (այդ թվում՝ անանուն) ստեղծագործություններ, ի տարբերություն սկզբունքայնորեն հեղինակ չունեցող ժողովրդագրական ստեղծագործությունների։

Փաստագրական արձակ

Փաստագրական արձակ, գրականության ձև, որին բնորոշ է բացառապես իրական դեպքերի վրա կառուցված սյուժե, հազվադեպ գեղարվեստական հնարումներով: Փաստագրական արձակը ներառում է նշանավոր մարդկանց կենսագրություններ, ինչ-որ դեպքերի պատմություններ, միջմշակութային նկարագրություններ, աղմկոտ հանցագործությունների հետաքննություններ:

Հուշագրություն

Հուշագրություն, ժամանակակիցների գրառումներն են, ուր պատմվում է այն իրադարձությունների մասին, որոնցում հեղինակը մասնակցություն է ունեցել կամ որոնք հայտնի են ականատեսներից: Հուշագրությունների կարևոր առանձնահատկությունը հանդիսանում է տեքստի «փաստագրական» ոճը, որը հավակնում է անցյալի ճշմարտացիության վերստեղծմանը:

Աղբյուրներ

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 1990, Էջ 702
  2. Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Երևան, «Վան Արյան», 2009, էջ 48։