Որոտնեցիներ
Որոտնեցիներ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Երկիր | Զաքարյան իշխանապետություն |
Տիրույթներ | Որոտան գավառ, Սյունիք |
Ծագում | Սյունիներ |
Տիտղոսներ | Որոտանի իշխան, տեր Որոտնաբերդի |
Հիմնադիր | Հասան Որոտնեցի |
Մեծագույն ներկայացուցիչ | Իվանե Որոտնեցի |
Ձուլում | Օրբելյաններ |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Քրիստոնեություն |
Որոտնեցիներ, հայկական իշխանական տոհմ Զաքարյանների իշխանապետությանը ենթական Օրբելյանների իշխանությունում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոտնեցիների տոհմագրությունը ըստ տարբեր տվյալների գալիս է հնագույն դարերից, համարվում է, որ նրանք սերված են Սյունիքի հին ու բնիկ իշխաններից։ Այս տոհմին վեաբերվող տեղեկություններ կան 1337 թվականին ընդօրինակված մի Սաղմոսարանի հիշատակարանում, որը ստացել է Հասան Որոտնեցու որդին՝ Սյունյաց մետրոպոլիտ Սարգիս արքեպիսկոպոսը՝ «յիշատակ անջինջ իւր և ծնողաց իւրոց՝ հօր իւրոյ Հասանայ, որ էր յագէ և յազնէ մեծափառ իշխանաց տանս Սիւնեաց, և մօր իւրոյ տիկին Վախախին, և եղբօր իւրում՝ պայազատի և քաջագօտի գամրի Իվանէի, որ էր ամիրա և պետ երկրին Որոտան, և եղբօրորդւոյ իւրոյ՝ կորովամիտ սրբազան նորընծա քահանայի Յովհաննիսի ․․․նայ և եղբարց սորին հարազատաց և հսկայազօրու հաստաբազուկ մանկտուոցն՝ Հասանայ և Զաքարէի, և ամենայն արեան մերձաւորաց»[1][2][3][4]։
Այս տեղեկությունները հաստատվում և լրացվում են Իվանե իշխանի դուստր և Օրբելյանների սպարապետ Ամատա Շահուռնեցու կին՝ Թուղթանի իշխանուհու հիշատակարանով, որը շարադրվել է 1349 թվականին։ Հիշատակարանում գրված է․ «Արդ, ես՝ անարժան Թուղթանի, դուստր Իւանէ Որոտան իշխեցողի, քոյր քաջ քարտուղարի և երջանիկ րաբունապետի Յովհաննէս վարդապետի, հարսն մեծ Շահուռեցեանց, կենայկից հզաւր և մեծ իշխանին Ամատին, շինեցի զԵրերան ժամատունս․․․ յիշատակ ինձ, և առն իմում Ամատին․․․ և զաւակին իմ Նաթիլին, և հաւր իմ Իւանէ, և մաւր իմ Տիկնանց-Տիկնայ, հարազատ եղբարց իմոց Հասանայ և Զաքարէի, և ամենայն արեան մերձաւորաց»[1][5]։
Որոտան գավառում իշխող այս գերդաստանի մասին ավելի քիչ տվյալներ կան նաև ձեռագրերի այլ հիշատակարաններում, որոնք կապված են մեծանուն գիտնական ու մանկավարժ Հովհան Որոտնեցու անվան հետ, որը ըստ աղբյուրների և բազմաթիվ այլ վկայությունների, որդին էր «քաջի Իվանէի՝ Որոտան իշխեցողի»[6]։ Թովմա Մեծոփեցին ևս հայտնում է, որ Հովհան Որոտնեցին ծննդյամբ էր «ի գաւառէն Որոտնայ, ի գեղջէն Վաղանդնայ՝ որդի մեծի իշխանին Իվանի, որ էր ի զարմէ առաջին իշխանացն Սիւնեաց, յորմէ Վասակ էր»[1][7]։
Որոտնեցիներից հիշատակվում են միայն Հասանը, նրա կին Վախախը և որդիները՝ Սարգիս արքեպիսկոպոսն ու Իվանե իշխանը, վերջինիս կինը՝ Տիկնանց-Տիկինը և զավակները՝ Հովհան Որոտնեցին, Հասանը, Զաքարեն և Թուղթանին, և վերջինիս դուստրը Նաթիլ իշխանուհին[1]։
Հասան Որոտնեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասան Որոտնեցին, լինելով Սարգիս մետրոպոլիտի հայրը, որը 1326 թվականին արդեն հիշված էր որպես Վաղադնի վանահայր, ապրել է 13-րդ դարի երկրորդ կեսում։ Այդ ժամանակաշրջանից հայտնի են Հասան անձնանունը կրող շուրջ երկու տասնյակ գործիչներ[8], որոնցից մեկը Դլենյանց կոչվող Հասանին պատմաբան Լևոն Խաչիկյանը նույնացնում է վերջինիս հետ[1]։
Ստեփանոս Օրբելյան պատմիչը գրում է, որ Դլեն իշխանի սերնդից Հասան իշխանը, իր երկու եղբայրների հետ միասին, «եկեղեցի և բազում միաբանութիւն» է ունեցել Տաթևում, սակայն 13-րդ դարի վերջին՝ «յաւերմանէ գաւառին իւրեանց և ի դառն և վերջին աղքատութենէ», ստիպված է եղել Ստեփանոս Օրբելյանին վաճառելու իրենց տոհմին պատկանող մի սուրբ մասունք, ստանալով 500 դահեկան և «այլ բազում պարգևս ձիոց և եզացն և հադերձից»[1][9]։
Իվանե Որոտնեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբան Լևոն Խաչիկյանը ենթադրում է, որ հավանաբար հենց Հասան Դլենյանի որդին է Իվանե Որոտնեցի իշխանը։ Իվանեի եղբայր Սարգիս մետրոպոլիտի 1337 թվականի հիշատակարանում ասվում է, որ նա «էր ամիրա և պետ երկրին Որոտան»[10][11], հետևաբար մահացած էր արդեն այդ թվականից տարիներ առաջ[1]։
14-րդ դարի առաջին տասնամյակներին Սյունիքում ապրած, Որոտան գավառի տեր, իշխան Իվանե Որոտնեցուն մի շարք պատմաբաններ նույնացրել են Բուրթել Օրբելյանի որդու՝ իշխան Իվանե Օրբելյանի հետ[12], որը առաջին անգամ հիշատակվում է Արփա գյուղի եկեղեցու մի արձանագրության մեջ՝ 1322 թվականին, որպես «նորաբողբոջ» երիտասարդ։ Հետագա տարիների (1323, 1333, 1334, 1337, 1338, 1348, 1349) բազմաթիվ հիշատակարաններում, Սյունյաց իշխանների թվարկման ժամանակ, տրվում է նաև Իվանե Օրբելյանի անունը՝ նրա ավագ եղբայր Բեշքենից հետո։ Վերջին անգամ, որպես կենդանի անձնավորություն, Իվանե Օրբելյանը հիշվում է 1377 թվականին, երբ, մի ժամանակագրի վկայությամբ, «իշխանութիւնս Հայոց էր նուազեալ, և միայն մնացեալ Իվանի, որ կոչի Իւանիկ, որդի մեծին Բութելին, ի մէջ այլասեռից՝ բազում հարկապահանջութեամբ»[1][13]։
Իվանեի որդիներն են՝ Հովհան Որոտնեցին, Հասանը և Զաքարեն[11][12][14][15][16]։ Դուստրն է՝ Թուղթանի իշխանուհին։
Թուղթանի իշխանուհու ամուսնու մայր՝ Գոնցա Օրբելյանի կողմից գրված ավետարանում Իվանե իշխանը հիշատակվում է «թագաւորատոհմ և բարեպաշտ իշխեցողի Որոտան գաւառի»[17][18]։
Իվանե Որոտնեցուն, փոխարեն Տարսայիճ Օրբելյանի, Սիմեոն Այրիվանեցին սխալմամբ հիշվատակում է իբրև հայր Ստեփանոս Օրբելյանի[19]։ Հրաչյա Աճառյանը սխալմամբ ենթադրում է, որ Իվանե Որոտնեցին նույն այն «Մեծափառ իշխան Իւանե Որոտնեցին» է, որի որդին՝ Սյունյաց մետրոպոլիտ և Տաթևի եպիսկոպոս Ստեփանոսը Սսից Տաթևի վանք էր բերել մի նշանավոր Հայսմավուրք, որը ապա Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը (1629-1632) փոխադրում է Էջմիածին և ընդօրինակել է տալիս շատերին[12][20][21]։
Սարգիս արքեպիսկոպոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս արքեպիսկոպոս Որոտնեցին, Հասան իշխանի որդին է, Իվանե իշխանի եղբայրը և Հովհան Որոտնեցու հորեղբայրը[22]։
Հովհան Որոտնեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոհմաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է Որոտնեցիների տոհմաբանությունը․
Հասան Որոտնեցի Որոտնաբերդի իշխան (13-րդ դար) | Վախախ Որոտնեցի (13-րդ դար) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տիկնանց-Տիկին (14-րդ դար) | Իվանե Որոտնեցի Որոտնաբերդի իշխան (14-րդ դար) | Սարգիս արքեպիսկոպոս Սյունիքի մետրոպոլիտ (14-րդ դար) | Վահրամ Շահուռնեցի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հովհան Որոտնեցի (1315-1386) | Հասան Որոտնեցի | Զաքարե Որոտնեցի | Թուղթան | Ամատ Շահուռնեցի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Նաթիլ Շահուռնեցի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Սյունյաց Օրբելյանների Բուրթելյան ճյուղը․ Բանբեր Մատենադարանի», Լևոն Խաչիկյան, հ. 9, Եր., 1969, էջ 178-179։
- ↑ Ձեռագիր №1033, Երուսաղեմ, էջ 61-62․
- ↑ «Սիոն», 1868, №8, էջ 192․
- ↑ «Սիոն», 1938, №9, 275-278․
- ↑ «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Նյութեր հայ ժողովրդի պատմության Գ. 2 . Կազմ.՝ Լ.Ս. Խաչիկյան; Պատմ. ին-տ ՀՍՍՌ ԳԱ. - Երևան ։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1950, էջ 375․
- ↑ «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Նյութեր հայ ժողովրդի պատմության Գ. 2 . Կազմ.՝ Լ.Ս. Խաչիկյան; Պատմ. ին-տ ՀՍՍՌ ԳԱ. - Երևան ։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1950, էջ 497, 520․
- ↑ «Պատմութիւն Լանկ-թամուրայ», Թովմա Մեծոփեցի, 1860, Փարիզ, էջ 14․
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 57-59․
- ↑ «Պատմութիւն նահանգին Սիսական», Ստեփանոս Օրբելյան, Թիֆլիս, 1910, էջ 485-487․
- ↑ «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, Էջ 217բ.
- ↑ 11,0 11,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 59․
- ↑ 12,0 12,1 12,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 402-403․
- ↑ «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, Էջ 96․
- ↑ «Հայսմավուրք», հունվարի 6․
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց ի կայսերական մատենադարանին ի Վիեննա», Հակովբոս Տաշյան, Վիեննա, 1891, էջ 889․
- ↑ «Պատմութիւն Լանկ-թամուրայ», Թովմա Մեծոփեցի, 1860, Փարիզ, էջ 15․
- ↑ «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Նյութեր հայ ժողովրդի պատմության Գ. 2 . Կազմ.՝ Լ.Ս. Խաչիկյան; Պատմ. ին-տ ՀՍՍՌ ԳԱ. - Երևան ։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1950, էջ 374․
- ↑ «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ», Գարեգին Հովսեփյան, Երուսաղէմ, 1944, էջ 168․
- ↑ «Հայապատում. պատմութիւն հայոց», Ղևոնդ Ալիշան, հտ. Գ, Վենետիկ, 1901, 216.
- ↑ «Ագուլիսի և շրջակայքի հայէրեն ձեռագրերը», Մեսրոպ Մաքսուդեանց, էջ 853․
- ↑ «Արարատ» ամսագիր, 1911, №10, էջ 853
- ↑ «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, 1957․