Ալեքսանդրա Շչեկատիխինա-Պոտոցկայա
Ալեքսանդրա Շչեկատիխինա-Պոտոցկայա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8 (20), 1892 կամ 1892 |
Ծննդավայր | Զապորոժիե, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1967[1] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Պարգևներ |
Ալեքսանդրա Վասիլևնա Շչեկատիխինա-Պոտոցկայա (ռուս.՝ Алекса́ндра Васи́льевна Щекати́хина-Пото́цкая, մայիսի 8 (20), 1892 կամ 1892, Զապորոժիե, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 23, 1967[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարչուհի, գրաֆիկ, ճենապակու նկարազարդման վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրան դաստիարակվել է պատրիարքական հնադավանական ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրովյան գիմնազիայում։ Ավարտելուց հետո՝ 1908 թվականին, մեկնել է Պետերբուրգ։ 1908-1915 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Նկարիչների խրախուսման ընկերության նկարչական դպրոցում՝ Իվան Բիլիբինի, Նիկոլայ Ռերիխի (1913-1915), Յան Ցիոնգլինսկու, Վլադիմիր Շչուկոյի մոտ[2]։
1910 թվականին, որպես խրախուսանք, իրավունք է ստացել ճանապարհորդել Ռուսաստանի հյուսիսում։ Շչեկատիխինայի հետ ճամփորդությանը մասնակցել է նաև նկարչական դպրոցի աշակերտուհի Մարիա Լեբեդևան։ 1912 թվականի ամռանը, մյուս աշակերների հետ միասին, նա աշխատել է Նիկոլայ Ռերիխի հետ Տալաշկինոյի Սուրբ Հոգու տաճարի նկարազարդման վրա[2]։
1913 թվականին գործուղվել է արտասահման և այցելել Հունաստան, Իտալիա և Ֆրանսիա։ Փարիզում սովորել է Ռանսոնի ակադեմիայում՝ Պոլ Սերյուզեի, Ֆելիքս Վալոտոնի և Մորիս Դենիի մոտ[2]։
Նկարչական դպրոցում ուսումն ավարտել է 1915 թվականին։ Դեռևս սովորելու տարիներին դիմել է դեկորատիվ կիրառական արվեստին, աշխատել օպերային բեմադրությունների ձևավորման վրա և ստեղծել բեմական զգեստներ։ 1918 թվականի դեկտեմբերին Սերգեյ Չեխոնինի կողմից հրավիրվել է աշխատելու նկարչական արվեստանոցի մասնաճյուղում, որը ստեղծվել է Շտիգլիցի ուսումնարանի հիման վրա։ Նույն թվականին սկսել է աշխատել Պետական ճենապակու գործարանում, որտեղ աշխատել է նկարազարդումների էսքիզների և կոմպոզիցիաների վրա, իսկ ավելի ուշ՝ քանդակագործական ձևերի վրա։ Գործարանի արտադրանքի առաջին ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել 1918 թվականին, ցուցադրվել են նրա մոտ քսան աշխատանքներ։ Մինչ արտերկիր մեկնելը՝ հինգ տարի աշխատել է գործարանում, նրա աշխատանքները մասնակցել են բազմաթիվ ցուցահանդեսների երկրում և արտասահմանում։ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1925) մեդալ է ստացել։ 1923 թվականին նա Գժելի ճենապակու գործարանից գործուղվել է Բեռլին՝ աշխատելու ճենապակու մանուֆակտուրայում[2]։
Իրավաբան Նիկոլայ Ֆիլիպովիչ Պոտոցկու հետ (1881-1920) իր առաջին ամուսնությունից ունեցել է որդի՝ Մստիսլավին (1916-1998)։
1923 թվականի փետրվարին ամուսնացել է Իվան Բիլիբինի հետ։ Տարեվերջին նա ամուսնու հետ ճամփորդության է մեկնել Եթովպիա, Պաղեստին, Սիրիա, Եգիպտոս։ Ճամփորդության ընթացքում կատարել է ճարտարապետական բազմաթիվ էսքիզներ, տեղի բնակչության հագուստներ, դեկորատիվ կիրառական արվեստի իրեր։ Ելնելով իր ճամփորդական տպավորություններից՝ ստեղծել է ճենապակու վրա գրաֆիկական աշխատանքներ և նկարների կոմպոզիցիաներ, որոնց թեման եղել է ինչպես Մերձավոր Արևելքի հին պատմությունը, այնպես էլ նրա ժամանակակից կյանքը։ 1925 թվականին ամուսինները մեկնել են Ֆրանսիա և բնակություն հաստատել Փարիզում։ Շչեկատիխինան աշխատել է թատրոնում, ինչպես նաև նկարներ է ստեղծել սևրյան և լիմոժյան ճենապակու համար[2]։ 1926 թվականին Դրուե պատկերասրահում տեղի է ունեցել նկարչի անհատական ցուցահանդեսը։ Նրա նկարազարդումների էսքիզները Լիմոժի ճենապակու գործարանի համար ցուցադրվել են Միլանի միջազգային ցուցահանդեսում (1927) և արժանացել պատվավոր դիպլոմի[2]։
1936 թվականին Բիլիբինը և Շչեկատիխինան վերադարձել են Լենինգրադ։ Ալեքսանդրա Վասիլևնան շարունակել է աշխատել Լենինգրադի ճենապակու գործարանում՝ Նիկոլայ Սուետինի ղեկավարությամբ։ Պատերազմի ժամանակ ամուսինները մնացել են պաշարված քաղաքում։ Շչեկատիխինան չի դադարեցրել իր աշխատանքը գործարանում։ Այրիացել է 1942 թվականին։
1944 թվականին Ալեքսանդրա Վասիլևնան պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով[2]։
Մահացել է 1967 թվականին, թաղվել է Բոլշեոխտինսկոե գերեզմանատանը։
Ստեղծագործական ձեռագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն նկարիչներին, որոնց Սերգեյ Չեխոնինը ներգրավել է Պետական ճենապակու գործարանում աշխատելու, ամենայուրօրինակ վարպետը Շչեկատիխինա-Պոտոցկայան է եղել։ Նրա հեղինակային ձեռագրի ձևավորման վրա ազդել է մանկուց իրեն ծանոթ ուկրաինական ժողովրդական արվեստը՝ աշխատանքը Տալաշկինոյում և դրա հետ կապված հին ռուսական դեկորատիվ արվեստի ուսումնասիրությունը, շփումը Ռերիխի հետ, ով նշանակալի դեր է խաղացել նրա զարգացման գործում, ուսումը Ռանսոնի ակադեմիայում։ Շչեկատիխինայի ճենապակու նկարազարդումները կատարվել են ճանաչելի «պայծառ, յուրօրինակ գեղատեսիլ ձևով»։
Նրա ստեղծագործությունները՝ թե՛ զուտ դեկորատիվ, թե՛ քարոզչական ճենապակին (որի վրա աշխատել է հիմնականում 1920-1921 թվականներին), կատարվել են միանման անկաշկանդ, արտասովոր լավատեսությամբ։ Արձանագրությունները հեշտությամբ և բնականաբար փոխարինվում են դեկորատիվ տարրերով և պատկերներով՝ ստեղծելով անբաժանելի ներդաշնակ կոմպոզիցիաներ։ Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխական թեմաներով ստեղծագործությունները կազմում են Շչեկատիխինա-Պոտոցկայայի ժառանգության մի փոքր մասը, դրանք շարունակում են մնալ խորհրդային քարոզչական ճենապակու ոլորտում նշանակալից երևույթներից մեկը[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսին՝ իրավաբան Նիկոլայ Ֆիլիպովիչ Պոտոցկի (1881-1920),
- Որդին՝ Մստիսլավ (1916-1998),
- Երկրորդ ամուսին՝ նկարիչ Իվան Բիլիբին (1876-1942)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://rusavangard.ru/online/biographies/shchekatikhina-pototskaya-aleksandra-vasilevna/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Самецкая, 2004, էջ 370
- ↑ Самецкая, 2004, էջ 370—371
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Носкович В. С. Александра Васильевна Щекатихина-Потоцкая. — Л. : Художник РСФСР, 1959.
- Александра Васильевна Щекатихина-Потоцкая: каталог выставки / Ленинградский Союз Советских художников; [сост. П. С. Мельцер, В. М. Шведова]. - Ленинград: Ленинградский худож., 1958. - 35, [1] с., [8] л. ил., портр.; 20 см.
- Иван Яковлевич Билибин, 1876-1942. Александра Васильевна Щекатихина-Потоцкая, 1892-1967 : каталог выставки / Ленинградская орг. Союза худож. РСФСР ; [авт. вступ. ст. и сост.: Г. В. Голынец, С. В. Голынец]. - Ленинград: Худож. РСФСР, 1977. - 63 с., [8] л. ил. : ил.; 22 см.
- Самецкая, Эльвира Борисовна. Щекатихина-Потоцкая, Александра Васильевна // Советский агитационный фарфор: [Альбом : Справочник- определитель]. — М., 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Е. А. Еремеева. Фарфор в творчестве Щекатихиной-Потоцкой // Официальный сайт музея-заповедника «Царское село»
- Щекатихина-Потоцкая, Александра Васильевна // Проект «Искусство и архитектура Русского Зарубежья»
- Работы на сайте Эрмитажа
- Мемориальная доска на доме по адресу ул. Лизы Чайкиной, 25, где жили Билибин и Щекатихина-Потоцкая
|