Կղզին գտնվում է Կատեգատ նեղուցի և Բալթիկ ծովի միջև։ Շվեդիայից բաժանվում է Էրեսուն նեղուցով, իսկ Ֆյուն կղզուց Մեծ Բելտ նեղուցով։ Զելանդիայի մակերեսը կազմում է 7031 կմ²։ Ափերը նիմնականում ցածրադիր են, խիստ կտրտված են ֆյորդերով և ծովածոցերով (Իսե-ֆյորդ, Սայերյո-Բուգտ և այլն)։
Զելանդիայի վրա գտնվում են բազմաթիվ լճեր, այդ թվում նաև Դանիայի ամենամեծ լիճը՝ Արեսյոն։ Կղզու վրա գտնվող Սուս-Աա գետի երկարությունն է 82 կմ։ Դեռևս XX դարի սկզբում կղզին ծածկված էր հիանալի հաճարենու և կաղնու անտառներով, սակայն այժմ այս անտառների մակերեսը խիստ պակասել է։ Զելանդիայի արևելյան ափին և մոտ գտնվող Ամագեր կղզու վրա է գտնվում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։
Անվանումը առաջացել է դանիական Sæl (փոկ) և land (երկիր) բառերից, քանի որ Զելանդիայի ափերին բնակվում էին մեծ քանակությամբ փոկեր։ Ժամանակակից գրառումով կղզու անվանման Sjæl մասը նշանակում է ոգի, այնպես, որ Զելանդիան կարելի է անվանել ոգու երկիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 681)։