Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20-80 (120) սմ, տերևները փետրաբաժան են։ Ծաղկաբույլը տարբեր չափերի զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մուգ դարչնագույն և այլն, եզրայինները՝ միասեռ, իսկ կենտրոնականները՝ երկսեռ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմիկ է. պարունակում է եթերայուղեր, որոշ տեսակներ՝ վիտամին C։
Ծաղկաթերթերն օգտագործել են սննդի մեջ՝ որպես համեմունք և ուտեստներին գույն հաղորդելու համար։ Կերակրել են ընտանի թռչուններին։ Թավշածաղիկը բավականին հեշտ է դիմադրում չոր և անձրևոտ եղանակին, նույնիսկ ծաղկած վիճակում նոր հողի մեջ տեղափոխվելուց հետո շարունակում է նորմալ աճել։ Թավշածաղիկը լավացնում է մարսողությունը, դրա ծաղկազամբյուղները պահեստավորում են աղի մեջ, մարինադի ձևով։
Ծաղկի պատրաստուկներն ունեն մանրէասպան, հակաբորբոքային, փափկեցնող ազդեցություն։
Բժշկության մեջ օգտագործվում է թավշածաղկից պատրաստված յուղային ծաղկամզվածք։ Օգնում է նաև ենթաստամոքսային գեղձի հաճախակի նոպայի դեպքում, թավշածաղիկն հնում օգտագործել են նաև որպես բուժամիջոց փորացավի, լյարդի հիվանդությունների, սրտխառնոցի, ատամի ցավի դեպքում։
Հայտնի է մոտ 35 տեսակ։ ՀՀ-ում ծաղկաբուծության մեջ տարածված են թավշածաղիկ մեքսիկական (T. patula), թավշածաղիկ բարակատերև (T. tenuifolia), թավշածաղիկ կանգուն (T. erecta) տեսակները։ Բոլորն էլ գեղազարդիչ են։ Չինական մշակույթում այն երկարակեցության խորհրդանիշ է։
Бархатцы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Christian Grunert։ Gartenblumen von A bis Z, Neumann Verlag, Radebeul 1984.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 143)։