1921 թվականին սկսել է աշխատել Առաջին պետական մանկական թատրոնում որպես նկարիչ (ներկայումս՝ Խարկովի երեխաների և պատանիների համար թատրոն)։ Նրա առաջին թատերական աշխատանքն Ալեքսանդր Բելեցկու «Հերկուլեսի սխրանքները» ներկայացման ձևավորումն էր։ Սկսել է աշխատել նաև «Ալի-Նուր» ներկայացման վրա (բեմադրությունը՝ Վսևոլոդ Մեյերխոլդի և Յուրի Բոնդիի՝ ըստ Օսկար Ուայլդի «Աստղային տղան» հեքիաթի), սակայն աշխատանքի թեժ պահին մեկնել է Խարկովից և ներկայացման ձևավորումն ավարտել է Բորիս Կոսարևը[8]։
1922 թվականի աշնանն Ակիմովը վերադառնում է Պետրոգրադ, ընդունվում Վխուտեմաս, ընկերանում դրամատուրգ, ռեժիսոր և տեսաբան Նիկոլայ Եվրեինովի հետ[7]։ Եվրեինովը Ակիմովին ծանոթացնում է ռեժիսոր Գեորգի Կրիժիցկու հետ․ ավանդական հոգեբանական թատրոնի կործանողը երիտասարդ նկարչի մեջ հոգեհարազատ բան է զգում, և 1923/1924 խաղաշրջանում Ակիմովը ձևավորում է Կրիժիցկու բեմադրած «Կրեոլուհին» (Ժակ Օֆենբախ) և Ժ․ Ժիլբերի «Խեղկատակների արքան» ներկայացումները Ժամանակակից սինթետիկ թատրոնում[9]։
Եվրեինովն Ակիմովին ներկայացնում է Նիկոլայ Պետրովին, որն այն ժամանակ «Վոլնայա կոմեդիա»-ի ռեժիսորն էր։ «Բալագանչիկ» գիշերային կաբարեի «Վոլնայա կոմեդիա» մասնաճյուղի բեմին Սեմյոն Տիմոշենկոյի «Ժամանակի խռովություն» էքսցենտրիկ ներկայացման ձևավորմամբ սկիզբ դրվեց Ակիմովի և Պետրովի երկարատև համագործակցությանը։ Նկարչի աշխատանքն այդ ներկայացման մեջ արժանացավ Պետրոգրադի «Տեատր» շաբաթաթերթի հատուկ ուշադրությանը[10]։
Որպես բեմանկարիչ՝ Ակիմովը համագործակցել է «Կրիվոյե զեռկալո» թատրոնի և «Կարուսել» կաբարեի հետ․ 1924-1925 թվականներին աշխատել է Դրամատիկական մեծ թատրոնում (ներկայումս՝ Գեորգի Տովստոնոգովի անվան)։ Թատրոնի հետ համագործակցությունը շարունակվել է մինչև 30-ականների վերջ[11]։
Միևնույն ժամանակ Եվրեինովը Ակիմովին ներկայացնում է «Academia» հրատարակչատան տնօրեն Ալեքսանդր Կրոլենկոյին․ այս հրատարակչատան պատվերներով վերջինս Ժյուլ Ռոմենի, Անրի դե Ռենիեի, Պիեռ Բոստի ստեղծագործությունների համար ստեղծում է կազմեր և պատկերազարդումներ[12]։ «Ակիմովի հնարամտությունը,- գրում է Վ․ Միրոնովան,- խիստ տպավորություն էր թողնում Պետրոգրադի գեղարվեստաթատերական աշխարհի վրա․ «սրամիտ», «հնարամիտ» մակդիրները աներկբա առկա էին նրա ստեղծագործական գործունեության մասին զրույցներում»[13]։ 1927 թվականին «Academia» հրատարակչատունը լույս ընծայեց ոչ մեծ ժողովածու՝ նվիրված Ակիմովին․ նկարիչն այդ ժամանակ ընդամենը 26 տարեկան էր։ Հրատարկվելով «Ժամանակակից թատերական նկարիչներ» շարքում՝ ժողովածուում ընդգրկվել են Նիկիտա Պետրովի, թատերական քննադատ Ադրիան Պիոտրովսկու և արվետագետ Բ․ Բրյուլովի հոդվածները։ Նույն թվականին տեղի է ունենում Ակիմովի առաջին անհատական ցուցահանդեսը[7]։ Նրա աշխատանքները ներկայացվում են Գեղարվեստի ակադեմիայում ընթացող թատերական ձևավորման արվեստի ցուցահանդեսում՝ Լենինգրադի ականավոր նկարիչների աշխատանքների կողքին։ 1926 թվականին Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Կրիվորիլսկի վերջը» ներկայացման մանրատիպարն ուղարկվում է Միլան՝ միջազգային ցուցահանդեսի[7]։
1926 թվականին Նիկոլայ Ակիմովը մասնակցում է Լենինգրադի երգիծաական թատրոնի՝ էստրադային տեսությունների թատրոնի ստեղծմանը՝ Դավիդ Գուտմանի ղեկավարությամբ։
1929 թվականից սկսել է աշխատել նաև որպես թատերական ռեժիսոր։ Առաջին ինքնուրույն աշխատանքը Շեքսպիրի «Համլետ»-ն էր, որը բեմադրվեց 1932 թվականին Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնում՝ Դմիտրի Շոստակովիչի երաժշտությամբ, սակայն ողբերգության ռեժիսորական մեկնաբանությունը հավանության չարժանացավ[6]։
1935-1949 թվականներին և 1956 թվականից եղել է Լենինգրադի կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն)։ Այստեղ նա հայտնվեց իր տարերքի մեջ․ նուրբ սրամտությունը, ռեժիսորական հարուստ երևակայությունն Ակիմովի ներկայացումների փայլուն ձևավորմամբ՝ թատրոնը գրանցեցին երկրի լավագույն թատրոնների շարքում[6]։ 1940-ական թվականների վերջին կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի ժամանակ[14] Ակիմովին հետապնդումն ավարտվեց թատրոնից նրա հեռանալով (1949 թվականի օգոստոս)[14]։ Պատերազմի ժամանակ թատրոնի հետ տարհանվեց Ստալինաբադ (ներկայումս՝ Դուշանբե)։
1951-1956 թվականներին դառնում է Լենինգրադի Նոր թատրոնի գլխավոր ռեժիսորն ու նկարիչը (1953 թվականից՝ Լենսովետի անվան թատրոն)։
1954 թվականից դասավանդել է Լենինգրադի Ա․ Օստրովսկու անվան թատերական ինստիտուտում (ներկայումս Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ), 1960 թվականից՝ պրոֆեսոր։ Ինստիտուտի գեղարվեստական բեմադրման բաժնի հիմնադիր[5]։
1945-1967 թվականներին ապրել է Լենինգրադում՝ Գոգոլի փողոցի վրա (նեկայումս՝ Մալայա Մորսկայա), № 4 տանը[15]։
Նիկոլայ Ակիմովը մահացել է 1968 թվականի սեպտեմբերի 6-ին սրտամկանի ինֆարկտիցՄոսկվայում թատրոնի հյուրախաղերի ժամանակ։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովո գերեզմանատանը (Թատերական գործիչների կենտրոնական հրապարակ)[16]։ Շիրմաքարը կառուցվել է 1974 թվականին (քանդակագործ՝ Գերման Խոնին, ճարտարապետ Վ․ Չերկասկի)։
1986 թվականին Նիկոլայ Ակիմովի անունով է կոչվել Լենինգրադի կոմեդիայի թատրոնը։
Սանկտ Պետերբուրգի Ն․ Գոգոլի փողոցում գտնվող (ներկայումս՝ Մալայա Մորսկայա) № 4 տանը՝ Կիրպիչնի նրբանցքի կողմից, դրված է հուշատախտակ (հեղինակ-ճարտարապետ Ժան Վերժբիցկի) հետևյալ գրությամբ՝ «Այս տանը 1945-1967 թվականներին ապրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նիկոլայ Պավլովիչ Ակիմովը»։
2001 թվականին Կոմեդիայի թատրոնի նախասրահում բացվել է Ն․ Ակիմովին նվիրված հուշատախտակ (քանդակագործ՝ Գրիգորի Յաստրեբենեցկի, ճարտարապետ՝ Ալեքսեյ Գավրիչկով)։
2011 թվականին Կոմեդիայի թատրոնում բացվել է ռեժիսորի սենյակ-թանգարանը։
↑ 5,05,1Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
↑ 6,06,16,2Акимов, Николай Павлович // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
Миронова В. Художник Н. П. Акимов: Начало // Имена. События. Школы: Страницы художественной жизни 1920-х годов / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — СПб.: РИИИ, 2007. — Т. 1. — С. 136—150.
Бартошевич А. Н. Акимов — художник. — Л., 1947;
Эткинд М. Акимов — художник, Л., 1960;
Сыркина Ф. Театральный плакат Н. Акимова. — М., 1963.
Ленинградский государственный театр Комедии. Сезон 40/41, Л., 1940 / Издание Ленинградского Государственного Театра Комедии, под. ред. В. Б. Боровецкого;
Янковский М. Ленинградский Театр комедии. — Л., 1968.
Ракитин В. И. Акимов Николай Павлович // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. I: Биографии. А—К. — С. 12—13. — ISBN 978-5-902801-10-8.
Пригожина Л. Г.На пути к «Тени»: Акимов и Шварц // Театрон [: науч. альманах / Российский государственный институт сценических искусств ]. — СПб.: СПбГАТИ, 2008. — № 1. — С.44-53.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 223)։